ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ

ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ
25.06.2010 | 00:00

Հնարավո՞ր է, արդյոք, պատերազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Համաշխարհային փորձագիտական ընկերակցության (այդ թվում` ռազմական փորձագետների) գերակշիռ մասի գնահատումներով, Ադրբեջանը միայն շատ «տարաշխարհիկ իրավիճակում» որոշում կընդունի վերսկսելու պատերազմական գործողությունները։ Միանգամայն հասկանալի է, որ մեծ տերությունների կոնյունկտուրային քաղաքական խարդավանքների շնորհիվ է Թուրքիան թափանցում Կովկասյան տարածաշրջան, այդ թվում` ղարաբաղյան խնդրի շրջանակ։ Շփոթության մեջ ընկած ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հիմա արդեն հասկացել են այդ խաղերի ամբողջ վտանգավորությունը, բայց ի վիճակի չեն զսպելու թուրքական նվաճողական հակումները։ Ադրբեջանն առաջվա նման պատերազմ չի սկսի` առանց Անկարայի թույլտվության, բայց, հայտնվելով շրջափակման և մեկուսացման մեջ, էական ոչինչ չստանալով ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ռուսաստանից, հիմա Թուրքիան ձգտում է ցույց տալ, թե ով է տարածաշրջանում տեր ու տիրակալը, և Ադրբեջանին դրդում է արկածախնդրական զինված սադրանքների` ակնարկելով խոշորածավալ պատերազմի հնարավորություն։ Բայց պատերազմը ենթադրում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին խոշորածավալ օգնության ցուցաբերում, որը, ըստ երևույթին, կարծում է, թե մեծ տերությունները չեն միջամտի այդ պատերազմին։
Մեր կարծիքով, պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել ավելի շուտ Հայաստանի, քան Ադրբեջանի կողմից։ Այս ենթադրության հիմնավորումն այն է, որ սկսողն ունենում է մեծ առավելություններ, իսկ Ադրբեջանը չի կարող քողարկված նախապատրաստվել անգամ տեղային զինված միջադեպի։ Հնարավոր է, որ միջազգային ասպարեզում ղարաբաղյան խնդրի քննարկման գործընթացում որոշ իրավիճակների դիտարկումը կօգնի հասկանալու այն պայմանները, որոնց առկայության պարագայում կարելի կլինի սպասել պատերազմական գործողությունների վերսկսում։
Բացարձակապես բոլոր շահագրգիռ տերությունները, բացի Իրանից, դժվարությունների են հանդիպում ղարաբաղյան խնդրի չկարգավորվածության պատճառով։ Առանց բացառության բոլոր տերությունները հասկանում են, որ խնդիրը քաղաքական դաշտում, ըստ էության, լուծում չունի։ Հայաստանի որևէ ղեկավար չի համարձակվի մարտական գործողությունների բացակայության պայմաններում հանձնել տարածքները։ Իրոք, պատմության մեջ դեպք եղե՞լ է, որ չավարտված պատերազմին հետևի տևական և կայուն խաղաղություն։ Եվ հենց այստեղ էլ ի հայտ է գալիս հակասականությունը. Լեռնային Ղարաբաղով, որպես աշխարհաքաղաքական, ավելի ճիշտ` աշխարհառազմավարական տարրով, առավել շահագրգռված երկու պետությունները ինչ-ինչ հանգամանքներում կարող են և որոշակի հիպոթետիկ հեռանկարում շահագրգռված լինել պատերազմական գործողությունների վերսկսմամբ։ Դրանք, իհարկե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են։ Միայն այս երկու տերություններն են ընդունակ օգտագործելու տարածաշրջանի աշխարհառազմավարական «դաշտերը»։ Ո՛չ Եվրոպան, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանն ի վիճակի չեն օգտագործելու դրանք։ Հենց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար են լուրջ խնդիր քաղաքական հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ` ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում։ Բայց այս տերություններին, ինչպես ամբողջ աշխարհին, ներառյալ Թուրքիան, միանգամայն հասկանալի է, որ Ադրբեջանն ստիպված է հաշտվել Ղարաբաղի կորստի հետ։ Մնում է նաև Ադրբեջանին դրանում համոզելու եղանակը գտնել։ Առավել արդյունավետ միջոցը պատերազմն է։ Բայց պատերազմներն իրար նման չեն։ Կարգավորման ներկա շրջափուլի պայմաններում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին ներկայացնեն ուժերի ճշմարիտ հարաբերակցությունը, նպատակին հասնելու հնարավորությունները։ Այսինքն, հասկացնեն, որ ամեն մեկը կարող է միայն իրենն ակնկալել։ Դրա հետ մեկտեղ, եթե հայկական զինված ուժերին հաջողվի Ղարաբաղի քարտեզի վրա պահպանելու ներկա դիրքերը, ապա Ալիևի կլանը կարող է պարզապես հեռանալ իշխանությունից։ Եվ այդ դեպքում ադրբեջանական հանրությունը չի ունենա համոզիչ ապացույցներ, որ պատերազմը անհնար էր շահել։ Նորից կարող է սահմանվել հնգամյա, անգամ տասնամյա հրադադար, բայց «թեման» սպառված չի լինի։ Հետևաբար, համոզիչ փաստարկներ են պետք։ Ադրբեջանը պետք է հասնի որոշակի հաջողությունների, ընդ որում` շոշափելի զոհերի գնով։ Այդ զոհերն այնքան զգալի պետք է լինեն, որ ադրբեջանական ժողովուրդը պաղատի իր կառավարությանն ու ամբողջ աշխարհին` դադարեցնելու պատերազմը։ Հայաստանի ղեկավարությունը ևս փաստարկներ կստանա, երբ հայկական զորքերը նահանջեն ռազմաճակատի որոշակի (նախորոշված) հատվածներում։ Տեղի կունենա «օբյեկտիվ հանձնում»։ Հարկ է նշել, որ «ղարաբաղյան խնդրի օբյեկտիվ սպառման» գաղափարը նոր չէ հայկական քաղաքական վերնախավի համար։ Արդյունքում, Ռուսաստանը ղարաբաղյան դաշտում կոնֆլիկտայնության պահպանման հույս կունենա, բայց ավելի թույլ մակարդակի, ինչը նրան հնարավորություն կընձեռի կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Համոզվելով, որ Ռուսաստանի քաղաքականությունն Ադրբեջանի վերաբերմամբ չի կարող արդյունավետ լինել, Ռուսաստանի ղեկավարությունը կարող է «ռազմական կարգավորման» այդ պահեստային գաղափարը համարել հրատապ։ Բայց կասկած չկա, որ Ռուսաստանը դրա հետևանքով տանուլ կտա պարզապես պատմականորեն։ Հայաստանը վերջնականապես կընկնի ԱՄՆ-ի վերահսկողության տիրույթ, և ամերիկացիները տարածաշրջանում կսահմանեն «գոյակցության» կոշտ համակարգ։ Եվ դա կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ «հայոց պատմության ռուսական ժամանակաշրջանի» վերջը։
Միաժամանակ, կարելի է վստահորեն ասել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, առավել ևս Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև որևէ պայմանավորվածություն չկա ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ։ Նման պայմանավորվածություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե լինի տարածաշրջանների, նախ և առաջ Կենտրոնական Ասիայի և Կովկասի վերաբերյալ ընդհանուր պայմանավորվածություն։ Ներկայումս կա միայն սահմանափակ բնույթի բանավոր պայմանավորվածություն` Կենտրոնական Ասիայում ահաբեկչության և ծայրահեղականության խնդիրների շուրջ։ Եթե խոսելու լինենք ղարաբաղյան խնդրի շուրջ պայմանավորվածությունների մասին, դա կարելի է ձևակերպել որպես իրական քաղաքականության շրջանակներում տիրող իրավիճակի մասին նախնական պայմանավորվածություն։
Հարց է ծագում` ներհայկական իրավիճակից ի՞նչն է նպաստում այդ նախագծի իրականացմանը, որը շատ է հիշեցնում «ազգի դեմ ուղղված դավադրություն»։ Կասկած չկա, որ արտաքին քաղաքականության մեջ որոշ հաջողություններ կան։ Այդ հաջողություններն այնքան նշանակալի չեն, որքան հետաքրքրական են հեռանկարի առումով։ Միաժամանակ երկրում տարօրինակ վիճակ է ձևավորվել, երբ արտաքին քաղաքականությունը կենտրոնացել է մի երեք-չորս մարդկանց ձեռքում։ Դա էլ կարելի է հասկանալ. Հայաստանում չկան «գաղտնապահության» անհրաժեշտ պայմաններ, և ամեն ինչից երևում է, որ տեղի է ունենում տեղեկատվության արտահոսք։ Մի շարք քաղաքական կուսակցություններ, այդ թվում` խորհրդարանում ներկայացված, սերտորեն համագործակցում են արտասահմանյան ներկայացուցչությունների, հնարավոր է նաև` հատուկ ծառայությունների հետ։ Հայաստանը, ըստ էության, ժամադրավայր է դարձել շահագրգիռ տերությունների համար։ Պաշտոնաթող ամեն վարչապետ վերածվում է կա՛մ արմատական, կա՛մ չափավոր ընդդիմադրի։ Խորհրդարանն իր ամբողջ կազմով պետական կառույցի մի իսկական ծաղրապատկեր է։ Իրավապահ մարմիններում առայժմ կադրային հաշվեկշռվածություն չկա։ Այս պայմաններում արտաքին քաղաքական տեղեկատվության գաղտնիության պահպանումը հույժ անհրաժեշտություն է։ Այո, բայց ոչ բացառապես երեք մարդու ձեռքում այն կենտրոնացնելու հաշվին։ Դա մեծ անախորժություններով է հղի հատկապես այդ մարդկանց համար։ Մենք բոլորս հիշում ենք «Մեղրին հանձնելու» հետ կապված բազմասերիալ սադրանքը, տարածքային զիջումները Ղարաբաղում և այլն։ Եթե նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, թե համաձայնությունների ու զիջումների քաղաքականության շնորհիվ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերն ամրացել են, այդպես չէ։ Ազգին, ընդհանուր առմամբ, հսկայական բարոյական հարվածներ են հասցվում։ Խոսքը նրանց մասին է, ովքեր վաղը պաշտպանելու են հայրենիքը։ Ներկայումս ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրների գերակշիռ մասը կապված է այն մարդկանց լիակատար անտեղյակության հետ, ում վրա ընկած է պատասխանատվությունը երկրի անվտանգության և ԼՂ-ի ճակատագրի համար։
Շահագրգիռ տերությունները, առաջին հերթին` ԱՄՆ-ը, Եվրամիության երկրներն ու Ռուսաստանը, որոշում են ընդունել, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, չի կարող վերադարձվել Ադրբեջանին։ Փոխզիջումային տարբերակները` կապված «ընդհանուր պետության» մոդելի, փաթեթային կամ փուլային կարգավորման հետ, նույնպես իրագործելի չեն։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն ընդունի այդ մոդելները։ Եվրոպացիների համար առավել իրագործելի մոտեցում կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը` լուծարելով ԼՂՀ-ն և մյուս տարածքները վերադարձնելով Ադրբեջանին։ Ամերիկացիները ժամանակ առ ժամանակ նախընտրում են հետևել եվրոպական և ռուսական քաղաքականության ձախողումներին, միաժամանակ վախենալով, թե պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել ռուսական սցենարով։ ԱՄՆ-ը կնախընտրեր պետական սահմանների ուրվագծի փոփոխման հայեցակարգը` հաշվի առնելով աշխարհառազմավարական շահերն ու հեռանկարները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ